Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահակալության 10-ամյակի կապակցությամբ շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Դ. Մեդվեդեւի ուղերձը Գարեգին Բ-ին է փոխանցել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ռուսաստանում մեծ հարգանք են տածում հնագույն Հայ եկեղեցու հանդեպ: Բարձր ենք գնահատում Ռուս ուղղափառ եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցիների միջեւ ձեւավորված բարի հարաբերությունները: Նրանք միշտ հատուկ դեր են ունեցել եւ ունեն մեր երկրների միջեւ բարեկամության եւ վստահության ամրապնդման գործում: Դրանում, անկասկած, կա նաեւ անձամբ Ձեր ավանդը, իբրեւ հեղինակավոր կրոնական գործիչ, ով մեծ ուշադրություն է հատկացնում ռուս-հայկական հումանիտար կապերին: Վստահ ենք, որ Ձեր ջանքերը ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի շրջանակներում, որի համահիմնադիրն է Հայ առաքելական եկեղեցին, կնպաստեն խաղաղության եւ կայունության ապահովմանը Հարավային Կովկասում»:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Կիրիլ պատրիարքը իր շնորհավորական ուղերձում մասնավորապես գրել է. «Ձեր հովվապետական ծառայության տարիներին մեր Եկեղեցիների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունները հասան որակական մեկ այլ մակարդակի եւ ձեռք բերեցին այլ չափանիշներ: Մենք զարգացնում ենք աշխույժ երկխոսությունը եւ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում, բայց նախեւառաջ` ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում: Հավատում ենք, որ հետայսու եւս, Ձեր ջանքերի շնորհիվ, մեր եկեղեցիների փոխհարաբերությունները կհատկանշվեն սիրո եւ եղբայրական փոխըմբռնման ոգով»:



























