Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից։

Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում տիրող անվտանգային իրավիճակը։

Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին եւ դեռ պահպանվող խնդիրներին ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Զրուցակցիներն անդրադարձել են Հայաստանի եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի՝ երկուստեք գոհունակություն հայտնելով հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայ բնակչության բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ կարեւորելով փաստացի հայրենազրկված փախստականների կարիքների եւ իրավունքների պատշաճ հասցեագրման հրամայականը։