Մենք շարունակում ենք փորձեր տեսնել մի շարք երկրների կողմից համագործակցության ձևաչափերն ամբողջությամբ վերափոխելու և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքը ոչնչացնելու՝ հարևանի անվտանգության հաշվին սեփական անվտանգության ապահովման արգելքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում Բելառուսի պատվիրակության ղեկավար Անդրեյ Սավինիխը։

«Մենք ականատես ենք լինում Եվրոպայում և Եվրասիայում ուժերի հավասարակշռության և անվտանգության կառուցվածքում հիմնարար տեղաշարժերի սկզբին։ Պետք է խոստովանենք, որ ԵԱՀԿ-ն այդպես էլ չի կարողացել վերածվել անվտանգության լիարժեք կազմակերպության։ Դեպի արևելք ընդլայնվելով՝ ՆԱՏՕ-ն ուժեղացավ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հաշվին, որը միևնույն ժամանակ ավելի ու ավելի մարգինալացավ: Այսօր սպառազինությունների վերահսկման մեխանիզմները գործնականում դադարել են գործել»,- ասել է Սավինիխը։

Բելառուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է խիստ կողմնակալությունը հումանիտար հարթության նկատմամբ։

«Այս իրողությունները ԵԱՀԿ հարթակում պրոֆեսիոնալ դիվանագիտական ​​երկխոսությունը փոխարինել են քարոզչությամբ և առճակատմամբ։ Մենք շարունակում ենք փորձեր տեսնել մի շարք երկրների կողմից՝ ամբողջությամբ վերափոխելու համագործակցության ձևաչափերը և ոչնչացնելու ԵԱՀԿ հիմնարար սկզբունքը՝ հարեւանի անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու արգելքը»,- ընդգծել է նա։

Ըստ Սավինիխի՝ բելառուսական կողմը կողմ է ԵԱՀԿ-ի պահպանմանը։

«Բայց կազմակերպությունը գոյատևման համար բոլոր երկրները պետք է գործանականում ապացուցեն իրենց հավատարմությունն այս համընդհանուր սկզբունքին:

Սա շատ դժվար ճանապարհ է, բայց միակ հնարավորը։ Սա է վստահությունը վերականգնելու ճանապարհը։ Միևնույն ժամանակ, ուզում եմ իմ համոզմունքը հայտնել, որ եթե ԵԱՀԿ-ի կոնսենսուսային բնույթը լղոզվի կամ իսպառ ոչնչացվի, ապա այս կազմակերպության յուրահատկությունը կորցնելու մեծ ռիսկ կա, ինչպես նաև դրա ֆունկցիոնալության վերջնական ոչնչացման վտանգը»,- եզրափակել է բելառուսական պատվիրակության ղեկավարը։