Հունգարիան պետք է «ոչ» ասի Բրյուսելում կառուցված ներկայիս եվրոպական մոդելին, շաբաթ օրը կայացած իր «Ֆիդես» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ հավելելով, որ «Եվրամիությունը պետք է փոխել, այլ ոչ թե հրաժաևվել դրանից», հայտնում է Reuters-ը։
Օրբանը կրկնել է, որ իր կառավարությունը դեմ է Ուկրաինայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին։
«Մեր խնդիրն է շտկել (Բրյուսելի) սխալ խոստումը` բանակցություններ սկսելու (Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ), քանի որ Ուկրաինան այժմ ԵՄ-ից մի քանի լուսային տարի հեռավորության վրա է»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ ինքը դեմ կլինի միգրանտներին Հունգարիայում վերաբնակեցնելու ԵՄ փորձերին։
«Մենք կդիմադրենք Բրյուսելի բյուրոկրատների խելահեղ գաղափարներին, միգրանտների ներխուժմանը, գենդերային քարոզչությանը և կդիմադրենք պատերազմի մասին (Ուկրաինայում) պատրանքներին և ԵՄ անդամակցությանը՝ Ուկրաինայի անպատրաստությանը», - ասել է Օրբանն իր կուսակցությանը։
Օրբանը, ով վիճաբանության մեջ էր Բրյուսելի հետ՝ կապված իր կառավարության դեմոկրատական հետընթացի պատճառով սառեցված ԵՄ ֆինանսական միջոցների հետ, այս շաբաթ ասաց, որ ԵՄ-ի ռազմավարությունը՝ փող և ռազմական օգնություն ուղարկելու Ուկրաինա, ձախողվել է, և որ ինքը դեմ է Կիևի հետ անդամակցության բանակցություններ սկսելուն:
Ուկրաինան, որը ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի ներխուժումից օրեր անց, անդամակցությունը դիտարկում է որպես առաջնահերթություն: Երկրի հետ անդամակցության բանակցություններ սկսելու հարցն օրակարգում կլինի հաջորդ ամիս կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Գագաթնաժողովում Ուկրաինային անդամակցության բանակցություններ սկսելու հրավիրելու որոշումը «վտանգված է», ուրբաթ օրն ասել է դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան՝ որպես պատճառ նշելով Հունգարիայի դիմադրությունը, որը կարող է կանխել ԵՄ 27 երկրների միաձայնությունը:
Օրբանն այս շաբաթ սկսեց ակտիվ քարոզարշավը՝ Եվրախորհրդարանի ընտրությունների համար, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա հունիսին:
Ուրբաթ օրը նրա կառավարությունը հարցում է ուղարկել իր քաղաքացիներին՝ հարցնելով, թե արդյոք ԵՄ-ն պետք է ավելի շատ գումար տրամադրի Ուկրաինային, թե՞ նրան անդամակցություն տա։





























