Եվրոպան միանշանակ մոտեցում չունի հայ-թուրքական հարաբերությունների հարցի վերաբերյալ, ինչն էլ թույլ չի տալիս խախտել այն դիսբալանսը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին նոյեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ ամփոփելով Բրյուսելում եւ Ստրասբուրգում մի շարք եվրոպական կառույցների պաշտոնյաների հետ հանդիպումները:

Նրա խոսքով, Հայաստանը շահագրգռված է, որ հարաբերությունների ասսիմետրիան հավասարակշռվի Եվրոպայի կողմից հայ-թուրքական հարաբերություններում որոշ հարցերի նկատմամբ պատասխանատվության վերցմամբ, նկատելով, որ Թուրքիային համարում են տարածաշրջանի ծաող աստղ, որի համար բաց է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու պատուհանը:

Ըստ Սաֆարյանի՝ այսօր եվրոպական քաղաքական գործիչները շաղկապում են հայ-թուրքական կարգավորման եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները, թեեւ այդ մասին չեն խոսում: Դա, Սաֆարյանի կարծիքով, Բաքվի հաջողված շանտաժի արդյունքն է, որը դեպի Ռուսաստան իր կողմնորոշմամբ բացասական հետեւանքներ նախանշեց ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի համար: Սաֆարյանը վստահ է, որ, ժխտելով այդ երկու գործընթացների միջեւ կապը, Հայաստանի իշխանությունները օգտվում են ներքին սպառման համար հայտարարություններ անելու թույլտվությունից:

Նման իրավունք է ստացել նաեւ Թուրքիան: Եւ երկու երկրներն էլ, որոշակի խնդիրներից ելնելով, դեռ օգտվում են այդ իրավունքից: