Կիրակի օրը Բուլղարիայի տարածքի մեծ մասում փոթորկոտ քամիների, հորդառատ անձրևների ու ձյան հետանքով երկու մարդ զոհվել է, լուրջ վնասներ է պատճառվել և խաթարվել է էլեկտրամատակարարումը քաղաքներում և գյուղերում, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Արևելյան Բուլղարիայի բնակիչները, որոնք ամենաշատն են տուժել փոթորկից, ասում են, որ երբեք ակյսպիսի  եղանակ չեն տեսել:

Սևծովյան Վառնա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել,  պաշտոնյաները հայտնել են, որ եղանակային արտակարգ պայմանները լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության համար։ Նավահանգստային քաղաքը ենթարկվել է  բուռն քամիների  և ձնախառն հորդառատ անձրևների ազդեցությանը։

Քաղաքապետարանը հայտնել է, որ էլեկտրամատակարարումը խափանվել է Վառնայի բոլոր շրջաններում, առանցքային ճանապարհները փակվել են տապալված ծառերի ու ճյուղերի պատճառով, ինչի հետևանքով մեքենաներն   արգելափակվել են: Քաղաքապետարանը  քաղաքացիներին կոչ է արել մնալ տանը և չօգտվել սեփական մեքենաներից, բացառությամբ արտակարգ դեպքերի։

Վառնայի միջազգային օդանավակայանը բաց է, սակայն թռիչքները հետաձգվել և չեղարկվել են, հայտնել են օդանավակայանի պաշտոնյաները:

Շաբաթ օրը ոստիկանությունը հայտնել է, որ մի տղամարդ է զոհվել, մեքենայով բախվելով  մայրաքաղաք Սոֆիայի գլխավոր զբոսայգում  տապալված ծառին, իսկ Վառնայում մի կին է ակնթարթորեն մահացել՝   ընկած  ծառի ճյուղի հարվածից:

Բուլղարացի օդերևութաբանները վտանգավոր եղանակի մասին  նախազգուշացումներ են արել արևելյան Բուլղարիայի մեծ մասի համար: Սպասվում է, որ ջերմաստիճանի նվազման պատճառով հորդառատ անձրևները կվերածվեն ձյան: