Առաջիկա տարիներին Ադրբեջանը կավելացնի գազի մատակարարումը Թուրքիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 25-ին Թուրքիայում նոր նավթավերամշակման գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ, հայտնում է Թրենդը` Zaman թերթին վկայակոչելով:
Նրա խոսքով` Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը իր պտուղներն է տալիս արդեն հիմա, եւ այդ համագործակցությունը կշարունակվի ապագայում. «Ադրբեջանը եւ Թուրքիան բոլոր հարցերում ընդհանուր դիրքորոշում ունեն: Այսօրվա միջոցառումը հաստատում է դա: Մենք միասին շատ բան ենք արել եւ դեռ կանենք»:
Նրա խոսքով` նավթավերամշակման գործարանի շինարարությունը հետաքրքրություն է ներկայացնում եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի համար: Ալիեւի խոսքով` Թուրքիան ամրապնդում է իր հզորությունը համաշխարհային ասպարեզում, եւ դա ուրախացնում է Ադրբեջանին:
Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել նավթավերամշակման ձեռնարկության հիմնարկեք, որը նավթաքիմիական Petkim համալիրին կապահովի հումքով եւ որի համասեփականատերն է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Պայմանագրի առաջին փուլի շրջանակներում Թուրքիան ամեն տարի պետք է ստանա 6,6 մլրդ քմ ադրբեջանական գազ: Երկրորդ փուլում նախատեսվում է եւս 6 մլրդ քմ գազի մատակարարում:


























