Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Աթեշյանը մեկնել է Դիարբեքիր (Տիգրանակերտ)՝ ծանոթանալու Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը։
Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք.Արամ Աթեշյանը ավարտելով Անկարա իր այցը՝ Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ՝ հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամանել է Դիարբեքիր։ Դիարբեքիրի օդանավակայանում արք. Աթեշյանին դիմավորել են Վարդգես Էգյունը եւ Դիարբեքիրի եկեղեցու խորհրդի անդամները։ Արքեպիսկոպոս Աթեշյանը այցելել է Դիարբեքիրի նորանշանակ նահանգապետ Հուսեին Մութլուին եւ իր ու հայ համայնքի անունից շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Դիարբեքիրի նահանգապետը տեղեկություններ է հաղորդել Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման վերաբերյալ։
Այնուհետ արք. Աթեշյանը այցելել է Սուրիչի թաղային ղեկավարին, ում ղեկավարած տարածքում է գտնվում Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Արք. Աթեշյանը եւ թաղային ղեկավար Աբդուլահ Դեմիրբաշը այցելել են հայկական եկեղեցի՝ մոտիկից ծանոթանալու աշխատանքներին։ Արք. Աթեշյանը նշել է, որ այդ շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին նույնպես վերանորոգման կարիք ունի եւ անհրաժեշտ է գումար հայթհայթել վերանորոգման համար։ Ներկաների օրհնությամբ սկսվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը։ Ավելի ուշ՝ արք Աթեշյանը ընթրիքից հետո վերադարձել է Ստամբուլ։
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ արք Աթեշյանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար այցելել էր Թուրքիայի Մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունային՝ ով խոստացել էր ամեն ինչ անել եկեղեցու վերանորոգումը իրականացնելու համար։
Ի դեպ, ավարտվել է Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգումը եւ նոյեմբերի 7-ին եւ 8-ին տեղի կունենա այդ եկեղեցու օծումը եւ բացումը՝ որին ներկա կլինի արք. Աթեշյանը, Կայսերիի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ։
Իսկ Մալաթիայի 250-ամյա Սուրբ Երրորդություն եկեղեցին (Թաշհորոն) կվերանորոգվի մզկիթներ կառուցող եւ պահպանող հիմնադրամի կողմից։ Մզկիթներ կառուցող հիմնադրամի նախագահը նշել է, որ սա կկոչվի խաղաղության նախագիծ։




























