«Letzte Generation» («Վերջին սերունդ») շարժման բնապահպան ակտիվիստները բողոքել են, որ նոյեմբերի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բռնության են ենթարկվել տեղի վարորդների կողմից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով սոցիալական ցանցերում բնապահպան ակտիվիստների հաղորդագրություններին։

«Ջուր են լցնում, ոտքերով հարվածում, մեքենայով վրաերթի են ենթարկում։ Մենք հասկանում ենք վարորդների հիասթափությունը։ Բայց բռնությունը լուծում չէ»,- ասում են ակտիվիստները:

Բողոքի ակցիան, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, կաթվածահար է արել Վիեննա տանող մի քանի երթուղիների երթեւեկությունը։ Ավելի քան 70 ակտիվիստներ իրենց սոսնձել էին ճանապարհներին՝ բարձրացնելու կլիմայի փոփոխության մասին իրազեկվածությունը և Ավստրիայի իշխանություններից պահանջելու իրականացնել Կլիմայի խորհրդի 93 առաջարկությունները, այդ թվում՝ դադարեցնել հանածո վառելիքի սուբսիդավորումը: