Իտալական դատարանը երկուշաբթի օրը «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման լայնածավալ դատավարության 322 մեղադրյալի դատապարտել է ընդհանուր առմամբ 2200 տարվա ազատազրկման, հայտնում է Corriere della Sera թերթը։
Կալաբրիայի հարավային շրջանի Լամեզիա Թերմե քաղաքի դատապարտյալների աթոռին են հայտնվել ինչպես գանգստերական սինդիկատի անդամներ, այնպես էլ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք սերտ համագործակցության մեջ են մտել մաֆիոզ կառույցների հետ: Դատապարտվածների թվում ամենահայտնի անուններն էին «Առա՛ջ, Իտալիա»-ի նախկին սենատոր Ջանկառլո Պիտելլին և Վիբո Վալենտիայի ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Ֆիլիպո Նեսչին, որոնք համապատասխանաբար 11 և 4 տարվա ազատազրկման են դատապարտվել: Դատապարտվածների թվում կան նաև մաֆիայի դեմ պայքարի վարչության նախկին աշխատակիցներ, սպայական կոչումներ ունեցող կարաբիներներ, շրջանային պատգամավորներ և իրավաբաններ։
Վիբո Վալենտիայի տրիբունալի երեք կին դատավորները 36 օր ապաստանել են ապահով, պաշտպանվող վայրում՝ քննարկելու և իրենց դատավճիռը հրապարակելու համար, հաղորդում է Calabria News տեղական հրատարակությունը: Նշանակված բոլոր պատիժները թվարկող դատավճիռը կարդալու համար պահանջվել է 1 ժամ 40 րոպե։ Corriere della Calabria թերթի տվյալներով՝ գործընթացի 207 մասնակիցներ մեղադրական դատավճիռ են ստացել։
Հետաքննությունը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին կարաբիներների գործողությամբ, որը հանգեցրել է առաջին ձերբակալություններին։ Դրան հաջորդել է իտալական քննչական մարմինների լայնածավալ աշխատանքը, որոնց հաջողվել է գտնել բազմաթիվ խոշոր մաֆիոզների, այդ թվում՝ արտերկրում թաքնվածների։ Գործընթացը մեծապես հնարավոր է եղել ավարտին հասցնել «զղջացող» մաֆիոզների շնորհիվ, որոնք բռնել են հետաքննության հետ համագործակցության ուղին։





























