Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիեւում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ուկրաինական զորքերին սպասվում է «ծանր, հյուծիչ պայքար»։
«Նման հակամարտություններում կախարդական փայտիկ չկա»,- ասել է Օսթինը՝ պատասխանելով այն հարցին, թե կկարողանան արդյոք F-16 կործանիչների մատակարարումներն արմատապես փոխել իրավիճակը մարտադաշտում։
«Ամեն բան կախված է ե՛ւ ռազմական հնարավորություններից, ե՛ւ դրանց ինտեգրումից, խոսքը F-16-ների, HIMARS-ների կամ որեւէ այլ բանի մասին լինի, թե ոչ։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կօգտագործեք այդ հնարավորությունները եւ կսինքրոնացնեք դրանք՝ մարտադաշտում անհրաժեշտ արդյունքի հասնելու համար»,- ասել է նա։ Օսթինը նորից ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ցուցաբերել հնարավոր ողջ օգնությունը, եւ նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ին հաջողվել է էական վնաս հասցնել ռուսական զորքերին, որից նրանք դեռ երկար չեն վերականգնվի։
Լլոյդ Օսթինը Կիեւ է ժամանել նոյեմբերի 20-ին, նրա այցը հայտարարված չէր։ Պենտագոնի ղեկավարը Ուկրաինա է եկել ԱՄՆ Կոնգրեսում շարունակվող տարեկան բյուջեի քննարկումների ֆոնին։ Կոնգրեսականները եւ սենատորները կարողացել են ընդունել միայն ժամանակավոր բյուջե, որը թույլ կտա պետական կառույցներին շարունակել աշխատանքը, բայց դրանում Ուկրաինայի օգնության ֆինանսավորումը ներառված չէ։


























