Հայաստանը հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլում երկու կարեւոր նպատակ է հետապնդում։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, մինիմում նպատակը՝ հասնել արձանագրությունների վավերացմանը մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզի բացառվի կապը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, եւ մաքսիմում նպատակը՝ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա ԱՄՆ-ը, Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաշմամբ կստիպի Անկարային զիջումների գնալ եւ բացել սահմանները։

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիային ժամանակ է պետք հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները վավերացնելու համար։ Սաֆարյանի խոսքով, թուրքական ընդդիմությունը տեսնում է, որ երկրի իշխանությունների վրա ճնշում է գործադրվում եւ եթե իշխանությունն այդ քայլին գնա առանց հակառակորդի դիրքորոշումը հաշվի առնելու, ապա դա հղի կլինի ներքաղաքական ցնցումներով։ Հետեւաբար, նշել է պատգամավորը, ներքին հարցերը կարգավորելու համար Թուրքիային ժամանակ է պետք։