Հայերը 2009 թվականին ավելի շատ են այցելել Անթալիա՝ չնայած Հայ հեղափոխական դաշնակցության ակցիաներին՝ ընդդեմ Անթալիայում հանգստանալու։ Անթալիայում աճել է նաեւ ռուս զբոսաշրջիկների թիվը՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Antlyahaber կայքէջը։

Չնայած համաշխարհային ճգնաժամին՝ Անթալիա այցելող ռուսների քանակը այս տարվա 10 ամսա տվյալներով անցել է 2 միլիոնը։ Ռուս հանգստացողները դա հիմնականում հիմնավորում են ցածր գներով եւ սպասարկման բարձր մակարդակով։ Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Հասանովը նշել է, որ Անթալիայում ապրում է մոտ 10 հազար ՌԴ քաղաքացի։

Անթալիայի Տուրիզմի եւ մշակույթի վարչության տվյալներով՝ այս տարի Անթալիա այցելողների թիվը նվազել է 3.6 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եւ կազմել է 8 միլիոն 282 հազար զբոսաշրջիկ։

Ավանդաբար Անթալիա այցելողների քանակով առաջին տեղում էին գերմանացիները, սակայն այս տարի ռուսները դարձան առաջինը՝ թողնելով գերմանացիներին երկրորդ տեղում։ Հայտնի պատճառներով հատկապես նվազել է Իսրայելից Անթալի եկող զբոսաշրջիկների քանակը։

Այս տարի Անթալիա եկողների մեջ աճ են գրանցել հետեւյալ երկրների քաղաքացիները՝ անգլիացիները, ավստրիացիները, ֆրանսիացիները, սլովակները, իրանցիները եւ հայաստանցիները։