«Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ գիտությունների ազգային ակադեմիայի քննարկմանը մասնակցել է 150 մարդ, որտեղ արտահայտվել են բազմաթիվ մտահոգություններ եւ կայացվել է որոշում, որի համաձայն մենք վճռել ենք, որ գործընթացը պետք շարունակվի՝չվնասելով ազգային խնդիրներին»,-այս մասին նոյեմբերի 4-ին, Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ խոսելով ԳԱԱ-ում հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ քննարկման մասին։

Ինչ վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, կայացրած որոշման դեմ «Միացում» ազգային նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիային, երբ ոստիկանները խոչընդոտեցին ակցիան, Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով այնտեղ ոչ մի բողոքի ակցիա էլ չի եղել, ուղղակի կազմակերպիչները (ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ Ժառանգության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը) մի քանի երիտասարդ էին բերել կանգնեցրել ԱԺ-ի դարպասների դիմաց եւ վերջ։

«Մենք իրենց հրավիրեցինք բանակցելու, բայց իրենք չհամաձայնեցին»,- նշեց ակադեմիկոսը։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 30-ին «Միացում» հասարակական շարժման բողոքի ակցիան, որը պետք է տեղի ունենար Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, խոչընդոտվել էր ոստիկանների կողմից, որոնք ակցիայի կազմակերպիչներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին եւ բողոքի գործողության մասնակիցներին քաշքշել էին՝ արգելելով մոտենալ ակադեմիայի շենքին։ Ակցիայի մասնակիցները համառ դիմադրությունից հետո այնուամենայնիվ ստիպված ակցիան շարունակել էին ԱԺ-ի դիմաց, որտեղ ոստիկանները նրանց կրկին շրջափակել էին։