Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ Դուբլինի կենտրոնում դանակով մի տղամարդ հարձակվել է անցորդների վրա:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտնել է, որ ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ոստիկանությունից հայտնել են, որ մեկ աղջիկ և մեկ չափահաս կին ծանր վնասվածքներ են ստացել. ևս երկու երեխա ավելի քիչ ծանրության վնասվածքներ են ստացել։
ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դուբլինի Պարնելի հրապարակում, որը գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքի գլխավոր մայրուղու՝ Օ'Քոնել փողոցի հարեւանությամբ։ Դեպքի վայրում, որը, ըստ իրավապահների, մինչև այժմ շրջափակված է, 20 ոստիկան է եղել։
«Մենք բոլորս ապշած ենք Պարնելի հրապարակում տեղի ունեցած միջադեպից», - ասվում է Վարադկարի հայտարարության մեջ:
The Irish Times-ը հայտնել է, որ կալանքի տակ գտնվող կասկածյալը վիրավորումներ է ստացել. հնարավոր է, որ դրանք ինքն է իրեն հասցրել։
Հարձակման դրդապատճառը, որը տեղի է ունեցել այդ փողոցում գտնվող դպրոցի մոտ, դեռ պարզված չէ, ավելացնում է հրատարակությունը։





























