Միջազգային փորձագետները եւ կազմակերպությունները խոսում են ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր առճակատման մասին, նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով, նման վտանգ իրականում կա, հատկապես, եթե հաշվի առնենք զինամթերքի մասին տվյալները, որ ձեռք է բերել Ադրբեջանը անցած տարվա ընթացքում։ Սաֆարյանն ընդգծեց, որ միջազգայի հանրությունը փորձում է կանխել հնարավոր բախումը՝ ստիպելով կողմերին՝ փոխզիջումների գնալ հակամարտության կարգավորման հարցում։ Սաֆարյանը նշեց, որ Եվրոպայում ավելի հաճախ եւ ավելի հստակորեն են սկսել խոսել հայկական զինված ուժերը 5 շրջաններից դուրս բերելու եւ խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին։ Եւ միայն դրանից հետո, Սաֆարյանի խոսքերով, նախատեսվում է անցկացնել հանրաքվե, որով էլ կորոշվի ԼՂՀ կարգավիճակը։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի նախագահը փորձել է «խառնել բոլոր խաղաքարտերը» եւ հրաժարվել իրեն նախորոդող Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվածությունից (հիշեցնենք, որ Ադրբեջանը Երեւանին մեղադրում էր, որ վերջինս բարձրացնում է հարցեր, որոնք վաղուց արդեն համաձայնեցված են), սակայն դա դեռեւս նրան չի հաջողվում, քանի որ միջազգային հանրությունը նորից վերադարձել է նախկին տարբերակին։
Իրավիճակը, Սաֆարյանի խոսքով, կարող է ուղղվել միայն Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմամբ, ինչն էլ իր հերթին կխանգարի բանակցությունների գործընթացին եւ Ղարաբաղին կդարձնի բանակցությունների մասնակից կողմ։ Բացի այդ, պատգամավորի կարծիքով, դա հնարավորություն կտա Եվրոպային գործով ցույց տալ իր հարգանքը ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ։




























