«Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի նկատմամբ եթե մեղադրական եզրակացություն լինի, ապա նա կդատապարտվի, իսկ եթե մեղադրականը չապացուցվի, ապա ոստիկանապետը, ըստ նպատակահարմարության, կփորձի նրան որպես կադր օգտագործել»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը։ Մեկնաբանելով աշխատանքից ազատված Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի պաշտոնանկության վերաբերյալ հարցը, նա նշեց, որ այս հարցում ՀՀ ոստիկանապետը հաշվի է առել այն հանգամանքը, որ մարզի ոստիկանապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի պաշտոնական լիազորություններն անցնելու մասին հոդվածով գործ է հարուցված եղել։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Հատուկ քննչական ծառայությունում Շիրակի մարզի ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել քաղաքացու դիմումի հիման վրա։ Ըստ դիմումի, ոստիկանապետն իր աշխատասենյակում բռնություն էր գործադրել քաղաքացու նկատմամբ՝ միայն այն բանի համար, որ նա ցանկացել է պարզել, թե իր որդուն ինչու են հրավիրել մարզի ոստիկանություն։ Հարուցված գործին միացվել է նաև «Ասպարեզ» ակումբի այն հաղորդումը, որի համաձայն ոստիկանապետը խոչընդոտել է նաև «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի գործունեությունը։ Տեղեկացնենք, որ Քրեական օրենսգրքի 309 հոդված 2-րդ մասով նախատեսվում է երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում։