Քոջաելիի բնակիչը կացնով հարձակվել է իր տան վարձակալի վրա, որը չի ցանկացել բնակարանից օրենքով սահմանված ժամկետից ավելի շուտ դուրս գալ, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։

Քննության տվյալներով՝ բժիշկ աշխատող Ի.Ա.-ն բնակարանը ձեռք էր բերել Քարթեփե շրջանում երկու ամիս առաջ, որը վարձով էր տվել նախորդ սեփականատերը։ Նա բնակարանում ապրող վարձակալից հեռախոսով պահանջել էր ազատել այն առաջիկա օրերին։

Վերջինն իր հերթին հիշեցրել է, որ նա օրենքով վեց ամիս ունի, որպեսզի դուրս գա բնակարանից, եւ հրաժարվել է ժամանակից շուտ դուրս գալ։ Արդյունքում՝ նրանք որոշել են խնդիրը քննարկել առերես հանդիպմամբ, բայց անձնական հանդիպման ժամանակ խոսակցությունը հանգել է վեճի, իսկ ինչ-որ պահի բնակարանի տերը մեքենայի բեռնախցիկից հանել է կացինն ու վիրավորել վարձակալին։ Ականատեսները բաժանել են նրանց եւ ոստիկանություն կանչել, տուժածին հոսպիտալացրել են, բայց առաջին բուժօգնությունից հետո տուն են ուղարկել։

Բնակարանի տերը ոստիկանությանը հայտնել է, որ վարձակալն իրեն վիրավորել է հեռախոսով եւ ասել, որ ոչ ոք չի կարող իրեն հանել բնակարանից։ Նրա խոսքով՝ ականատեսները իրեն ծեծել են, իսկ կացինը մեքենայում պահում է «ինքնապաշտպանության» համար, սակայն Ի.Ա.-ն միաժամանակ նշել է, որ ոչինչ չի հիշում այն բանից հետո, ինչ ձեռքն է վերցրել զենքը։