Նոյեմբերի 6-ին բողոքի ցույց է կայանալու Շիրակի մարզում՝ Արթիկ եւ Գյումրի քաղաքներում հայ-թուրքական արձանագրությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ:
«Ազատ խոսքի բռնաճնշումները, իշխանական խմբակին հլու դատական կցորդ համակարգը, մշտապես կեղծվող ընտրությունները, մարտի 1-ի ոճրագործությունը, քաղաքական հայացքների համար հալածանքները, խաղաղ ցույցերի արգելումն ու համատարած անպատժելիությունը այսօր թակում են ամեն մեկիս դուռը եւ հղի են նոր Հայրենազրկման հետեւանքներով, այն է` մեր հայրենյաց սրբազան հողն ու 20-րդ դարավերջում հաղթած հայի արժանապատվությունը աճուրդի հանելը` ի դեմս հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ մադրիդյան սկզբունքներով Արցախի ազատագրված տարածքների հանձնման»,- ասված է ցույցի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ:
Ըստ վերջիններիս՝ «ազգադավ արձանագրությունների վավերացումն ու մադրիդյան սկզբունքների կենսագործումը`
- ամբողջությամբ վտանգում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ազգային ու պետական շահերը,
- հակասում են աշխարհասփյուռ հայության համազգային տեսլականին` մեր կորսված Հայրենիքին վերատիրանալու սրբազան իրավունքին ու պարտականությանը»:
Արթիկում բողոքի գործողությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 14:30-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, իսկ Գյումրիում՝ Վ.Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում, ժամը 16:00-ին:



























