Վրաստանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ղարաբաղյան հարցում միջնորդ դառնալու մասին, սակայն այդ հայտարարույունների տակ ոչ մի էական բան գոյություն չունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով, այս եւ վրացական կողմից նմանատիպ այլ հայտարարությունները ձեւական բնույթ ունեն:
«Բոլորին առանց այդ էլ պարզ է, որ Վրաստանը չի կարող միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, վերցնենք թեկուզ այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Վրաստանն այնտեղ չկա»,-նշեց քաղաքագետը:
Զրուցակցի կարծիքով` այդ հայտարարությունը պարզապես տուրք է քաղաքավարությանը: «Դրանով Վրաստանը փորձում է ասել, որ լավ կլիներ, եթե Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները բարելավվեին: Վրաստանը դրանով նաեւ փորձում է ընդգծել տարածաշրջանում իր դիրքը, որն արտահայտվում է ինչպես Հայաստանի, այպես էլ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններով»,-նկատեց նա:
Ե. Բոզոյանը մատնանշեց սակայն այն փաստը, որ անձամբ Վրաստանը նույնպես բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, նա ինքը միջնորդի կարիք ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ այդ իրավիճայում ոչ մի կերպ չի կարող միջոնորդական առաքելություն ստանձնել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել էր, որ Վրաստանը, եթե հարկ լինի, պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը:
«Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է, այն հնարավոր չէ մասնատել: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է գիտակցեն, որ մենք հավասար դիրքերում ենք եւ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը անքակտելի են: Եւ եթե երբեւէ Վրաստանի միջնորդությունը պահանջվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մենք պատրաստ ենք», - ասել էր Վաշաձեն:




























