Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հոկտեմբերի 10-ին կայացած արձանագրություննեի ստորագրումը, որ պատմական իրադարձություն է, կտրուկ դժգոհություն է առաջացրել Հայաստանի ազգայնական ուժերի շրջանում, կարծում է քուվեյթյան Kuwait Times թերթը:

Պարբերականը նշում է, որ «սահմանների բացումը կարող է տնտեսական զարգացման նախադրյալ դառնալ աղքատության մեջ գտնվող Հայաստանի համար եւ բարձրացնել Թուրքիայի հնարավորությունները ԵՄ-ին անդամակցելու եւ դեպի Եվրոպա էներգառեսուրսների տարանցման գոտի դառնալու համար: Այդուհանդերձ, կան որոշակի դժվարություններ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, որ իրականացրել է Օսմանյան կայսրության կառավարությունը, եւ երկրի իշխանություններն առ այսօր չեն ցանկանում ճանաչել այն: Վերոնշյալ արձանագրություններին առանձնահատուկ կերպով ընդդիմանում է հայկական Սփյուռքը, որը բարեգործության եւ գումարային փոխանցումների հիմնական աղբյուրն է»:

Թերթը ներկայացնում է պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բառերը. «Դա հանցագործություն է, որին մասնակցում էն Հայաստանն ու երկրի կառավարությունը: Նրանք թաղում են Հայկական հարցը՝ դավաճանելով նախնիների հիշատակն ու զիջելով Հայրենիքի նկատմամբ իրավունքները: Դրանք հարցեր են, որ կապված են հայության եւ նրան ազգային ինքնագիտակցության հետ»:

Հիշեցնենք, որ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Քուվեյթ: