Ոստիկանությունն ավարտել է Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այս տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, գործն ուղարկվել է դատախազություն։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի-լրատվության վարչությունից NEWS.am-ին տեղեկացրել են, որ մեղադրանք է առաջադրվել Նաիրիտ գործարանի արտադրության պետի, արտադրամասի պետի և հերթափոխի պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 285 հոդվածի հատկանիշներով։ Ըստ հոդվածի՝ նրանք խախտել են վտանգավոր քիմիական կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները, արդյունքում նրանց սպառնում է 2-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ նախաքննության նյութերն այժմ գտնվում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի մոտ։ Նյութերի լիարժեքությունը ստուգելուց հետո այն կուղարկվի դատարան։ Մինչդեռ «Նաիրիտ»-ի ղեկավարությունը նախաքննության ավարտի մասին պատշաճ կերպով չի տեղեկացվել։
«Նաիրիտ» գործարանի մամուլի հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ քրեական գործի նախաքննության մասին իրենց ընկերությանը պաշտոնապես չի տեղեկացվել։ «Ես այդ մասին մամուլից եմ իմացել, նախաքննական մարմինը ինչպես հարկն է չի տեղեկացրել մեզ նախաքննության ավարտի մասին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Նաիրիտ»-ի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի պատճառով զոհվել էր չորս մարդ։



























