Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ որոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, հայտարարել է, թե համանախագահող երկրները հիմարացնում են իրենց։ «Ըստ հրապարակված Մադրիդյան սկզբունքների՝ Ադրբեջանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի անցողիկ կարգավիճակը, եւ արդյունքում ազատրագրվում է հինգ շրջան։ Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում քվեարկություն են անցկացնում, եւ կայացվում է ինքնորոշման մասին որոշումը։ Բոլոր այդ առաջարկների հիմքում ընկած է Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի առանձնացման ծրագիրը»,- հայտարարել է Գուլուզադե եւ հավելել, թե հակամարտության լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի կամ Ադրբեջանը հայտարարի հողերից հրաժարվելու մասին, կամ էլ «գերտերությունները պետք է հայտարարեն, որ հողերը „գրավված են“»: Ըստ Գուլուզադեի՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները կեղտոտ խաղ են խաղում, իսկ նախագահների առաջիկա հանդիպումից ոչ մի արդյունք ակնկալել պետք չէ։ «Իբր, նախագահները կհանդիպեն ձիարշավի շրջանակներում եւ ինչ-որ որոշման կգան։ Նման ճակատագրական որոշումներ չեն կայացվում ձիարշավի ընթացքում»,- ասել է քաղաքագետը:
Պատմություն
Տեղադրություն



















