Հայ ազատամարտիկ, «Միացում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի ասածը չի համապատասխանում իրականությանը:

«Ես Ռադիկ Մարտիրոսյանին ոչ մի բան ապացուցելու խնդիր չունեմ: Այդ օրը, երբ „Միացում“ հասարակական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բոլորին պարզ էր, թե ինչ է կատարվում: ԶԼՄ-ները այդ ամենը ֆիքսել են եւ դա ողջ հասարակությանն է հայտնի: Ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը` մեկնաբանելով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությունը, թե Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց «Միացման» կողմից ոչ մի բողոքի ակցիա էլ տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է ակադեմիկոսի այն հայտարարությանը, որ «Միացում» հասարակական նախաձեռնության կազմակերպիչները իրենց կողմից հրավիրվել են բանակցության, բայց մերժել են այդ հրավերը, ազատամարտիկը նշեց, որ նման բան չի եղել, եւ դա չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք որ նոյեմբերի 4-ին «Մամուլի ազգային ակումբում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ակադեմիայի դիմաց սեպտեմբերի 30-ին ոչ մի բողոքի ակցիա տեղի չի ունեցել, պարզապես մի քանի երիտասարդներ են կանգնել ԱԺ-ի դարպասների դիմաց: