Նոյեմբերի 4-ի երեկոյան խոշոր վթար է տեղի ունեցել Բուդեննովսկ քաղաքի մոտակայքում։ Անիվի պայթելու հետեւանքով Դաղստանի Հասավյուրտ քաղաքից Պյատիգորսկ մեկնող ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց։
Վթարի արդյունքում չորս մարդ է զոհվել, այդ թվում վարորդը։ Ներկայումս հաջողվել է պարզել մահացածներից երկուսի ինքնությունը։ Եւս 16 ուղեւոր, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», տեղափոխվել են Բուդեննովսկի կենտրոնական քաղաքային հիվանդանոց։ Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։
Աղբյուրի տվյալներով, տուժածների թվում է եղել նաեւ մի հղի կին։ Նրան շտապ կեսարյան վիրահատության են ենթարկել։ Այժմ նորածինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, իսկ կինը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ծննդաբերական բաժանմունք։
Վթարի եւ ուղեւորների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել «անզգուշության հետեւանքով երկու եւ ավելի մարդկանց կյանք խլած ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու» հոդվածով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























