1957թ-ից ի վեր առաջին անգամ Գերմանիայի կանցլերը ելույթ ունեցավ ԱՄՆ կոնգրեսում։ Իտալական Corriere della Sera-ն հայտնում է, որ ելույթ ունենալով ամերիկյան խորհրդարանի երկու պալատների առջեւ՝ Անգելա Մերկելը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին։

Մերկելը շնորհակալություն է հայտնել ամերիկյան բարեկամներին եւ համախոհներին՝ խոսելով գերմանացիների երազանքների մասին, որ իրականություն են դարձել։ «Մենք՝ գերմանացիներս, գիտենք, թե որքան ենք ձեզ պարտական»,- հայտարարել է նա։ Մերկելը հիշեցրել է, որ 1948-1949թթ. ամերիկացիները օդային կամուրջ էին կազմակերպել, որը Արեւմտյան Բեռլինը փրկեց մեկուսացումից , իսկ դրանից հետո տասնամյակներ շարունակ ամերիկացի զինվորները գտնվում էին գերմանական հողում։ Նա իր երախտագիտությունն է հայտնել Ջոն Քենեդիին այն խոսքի համար, թե նա բեռլինցի է, Ռոնալդ Ռեյգանին, ով պահանջեց Միխայիլ Գորբաչովին խորտակել Բեռլինյան պատը, Ջորջ Բուշ ավագին, ով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Խորհրդային Միության կամքին հակառակ, «կանաչ լույս» տվեց Հելմուտ Կոլին եւ բացեց Գերմանիայի վերամիավորման ճանապարհը։

Ամերիկացի պառլամենտականները ծափահարել են Գերմանիայի առաջնորդին, ով ուզում է ղեկավար դառնալ միասնական Եվրոպայի համար, երբ նա, դիմելով Իրանին ու անդրադառնալով նրա միջուկային ոլորտի ծրագրերին, հայտարարել է. «Իսրայելի անվտանգությունը, իմ կարծիքով, քննարկման չի ենթարկվում»։