Իսրայելական ռազմածովային ուժերը նոյեմբերի 4-ին Միջերկրական ծովում՝ ափից 150կմ հեռավորության վրա, կալանել են Անտիգուայի դրոշի տակ ընթացող «Ֆրանկոպ» (Francop) նավը։ Դրա ստուգումից հետո, ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, պարզվել է, որ քաղաքացիական նշանակության տակ ծպտված նավը զենք է տեղափոխում։
Ինչպես հայտնում է Isra.com-ը՝ հղում անելով իսրայելական ռազմածովային ուժերի շտաբի ղեկավարի վրա, բեռնարկղերում թաքցված են եղել իրանական արտադրության հակատանկային հրթիռներ եւ հրաձգային զինամթերք։ Սկզբում հայտնվում էր 60 տոննա զինամթերքի մասին, այդ թվում՝ «Կատյուշա» հրթիռներ, հակատանկային արկեր եւ հրթիռներ, որոնք Zman.com-ի տվյալներով, նախատեսված էին «Հզբոլլահ» ահաբեկչական խմբավորման համար։
Թեհրանը կտրականապես մերժում է այս տեղեկությունը։ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի խոսքով, նավը Իրանից Սիրիա էր տեղափոխում սովորական ապրանքներ, այլ ոչ թե զինամթերք։
Իսրայելի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ զենքի այդ բեռը ամենամեծն է եղել երբեւէ բռնագրավածներից։ Նրանց խոսքով, նավից պարսկերեն լեզվով փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք վկայում են այն մասին, որ զենքն ուղարկված է եղել հենց Իրանից։ «Այժմ բոլորը կարող են համոզվել այն բանում, որ Իրանը շարունակում է մեծ քանակությամբ բարձր որակի զինամթերքի մատակարարումը։ Եւ բոլոր այդ զենքերը նախատեսված էին ահաբեկչական խմբավորման համար»,- հայտարարել է իսրայելական հրամանատարության ներկայացուցիչը։




























