Հունգարիան կրկնել է իր խոստումը, որ չի լինի ՆԱՏՕ-ի վերջին երկիրը, որը կվավերացնի դաշինքին միանալու Շվեդիայի հայտը, երեքշաբթի ասել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը հունգարացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը։
Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու հայտ էր ներկայացրել անցյալ տարվա մայիսին։
Շվեդիան հույս ուներ, որ անդամակցության գործընթացը հարթ կանցնի, սակայն հայտը ձգձգվեց Թուրքիայի և Հունգարիայի կողմից, որոնք մինչ այժմ հրաժարվում են աջակցել դրան։
Բիլստրյոմն ասել է, որ երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոյին և հարցրել՝ արդյոք Հունգարիան հավատարիմ է մնում իր խոստմանը, որ չլինի ՆԱՏՕ-ի վերջին անդամը, որը կաջակցի Շվեդիային:
«Նրա հստակ ուղերձն էր. «Այո, մենք ուզում ենք»: Մենք վերջինը չենք լինի»,- ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը։
Նոյեմբերի վերջին Թուրքիան հայտարարեց, որ կարող է շաբաթների ընթացքում պատրաստ լինել Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
Սակայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս գործընթացը կապեց ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հույսերի հետ, որի գործարքը Կոնգրեսը հետաձգեց:
Բիլստրյոմն ասել է, որ Շվեդիան ուշադիր հետևում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև քննարկումներին և «որևէ նոր տեղեկություն» չի ստացել այն մասին, թե Թուրքիան երբ կվավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը։





























