Շվեյցարիայի պաշտպանության, բնակչության պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի (նախարարություն) ղեկավար Վիոլա Ամհերդը, որը ներկայացնում է «Կենտրոն» կուսակցությունը քառակողմ կոալիցիոն կառավարությունում, ընտրվել է 2024 թվականի  երկրի նախագահ։ Ընտրությունները կայացել են Դաշնային ժողովի (խորհրդարան) երկու պալատների համատեղ նիստում։ Քվեարկության ընթացքը առցանց լուսաբանել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Ամհերդը նախագահի պարտականությունները կկատարի 12 ամիս՝ նախարարի պարտականությունների հետ միաժամանակ։ Նա պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից։

Ամհերդը կառավարությունում աշխատում է 2019 թվականից։ Նա ծնվել է 1962 թվականի հունիսի 6-ին Բրիգ քաղաքում, ավարտել է Ֆրիբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1991 թվականին ստացել է իրավաբանի դիպլոմ։ Զբաղվել է փաստաբանությամբ իրավաբանությամբ, եղել է անկախ նոտար: Նրա քաղաքական կարիերան սկսվել է 1992 թվականին Բրիգի  գործադիր իշխանությունում: 2000-2012 թվականներին  ղեկավարել է այս քաղաքի քաղաքապետարանը։ 2005 թվականին   ընտրվել է պատգամավոր։ 2011-2018 թվականներին եղել է խորհրդարանում «Կենտրոն» կուսակցության խմբի փոխնախագահը։

Դաշնային խորհրդի անդամները նախագահի գործառույթներն իրականացնում են հերթափոխով: 12 ամսով նախագահը սովորաբար նախարար է լինում, որը նախկինում մեկ տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Ամհերդը փոխնախագահի պաշտոնը ստանձնել  է 2023 թվականին։

Փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Շվեյցարիայի արտաքին և ներքին քաղաքականության վրա, քանի որ բոլոր կարևորագույն հարցերը կոլեկտիվ որոշում են Դաշնային խորհրդի անդամները։ Նախագահն այս երկրում ոչ պետության, ոչ էլ կառավարության ղեկավարն է։ Պետության ղեկավարի գործառույթներն իրականացնում է Դաշնային խորհուրդը։ Լինելով առաջինը հավասարների մեջ՝ նախագահը նախագահում է կառավարությունների նիստերը, ընդունում է Շվեյցարիա այցելող օտարերկրյա պետությունների ղեկավարներին և վերահսկում կանտոնների հետ հարաբերությունները։ Սակայն այս պաշտոնը  չի կարելի անվանել ձևական. կառավարության նիստում ձայների հավասարության դեպքում նախագահի կարծիքը դառնում է որոշիչ։

Չորեքշաբթի օրը կայացած նիստում խորհրդարանը 2024 թվականի փոխնախագահ է ընտրել Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար, Ազատ դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Կարին Քելեր-Սութերին։ Նա պաշտոնը կզբաղեցնի հունվարի 1-ից՝ 12 ամիս ժամկետով՝ շարունակելով կատարել նախարարական իր պարտականությունները։ Քելեր-Սութերը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 22-ին Վիլայում (Սենտ Գալլեն կանտոն)։ Նա Դաշնային խորհրդում աշխատում է 2019 թվականից։