Նախօրեին հայ-վրացական սահմանին հերթական միջադեպն է գրանցվել: «Հայք» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հայկական կողմը փորձել է սահմանային սյուներ տեղադրել, սակայն հանդիպել է վրացական կողմի դիմադրությանը: «Ավելին, սահմանի մոտ հայտնվել են վրացական բանակի ստորաբաժանումները»,- գրում է թերթը:

«Իրավիճակն այնքան է լարվել, որ դեպքի վայր են ժամանել Հայաստանի եւ Վրաստանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները: Ավելի ուշ միջադեպը հարթվել է, վրացական զորքերը հետ են քաշվել, սակայն կողմերը դեռ պետք է ճշտեն, թե որտեղով է անցնում հայ-վրացական սահմանը»,- գրում է հայկական թերթը:

Այդ միջադեպի կապակցությամբ թերթը հարկ է համարում նկատել, որ վերջին շրջանում համառ փորձեր են արվում սրել հայ-վրացական հարաբերությունները: