Եվրամիության առաջնորդները, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կհամաձայնեն մոտ 50 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային աջակցելու համար, չնայած Հունգարիայի սպառնալիքներին՝ արգելափակելու որոշումը, Reuters-ին ասել է բյուջեի եվրոպական հանձնակատար Յոհաննես Հանը:
Եվրամիությունն առաջարկում է փոփոխել իր բյուջեն մինչև 2027 թվականը և ներառել 33 միլիարդ եվրո վարկ և 17 միլիարդ դրամաշնորհ Ուկրաինային՝ շարունակվող պատերազմի համատեքստում այս ժամանակահատվածում ուկրաինական պետության կայուն գործունեությունը ապահովելու համար, հայտնում է BBC-ն։
Բյուջեի փոփոխությունները պետք է հաստատվեն ԵՄ բոլոր 27 երկրների կառավարությունների ղեկավարների կողմից, սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել ինչպես այդ գումարին, այնպես էլ միության բյուջեում դրա ընդգրկմանը: ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային առավել կարևոր է, քանի որ ԱՄՆ-ում Ուկրաինայի համար ծախսերի ֆինանսավորումը դարձել է դեմոկրատների և հանրապետականների պայքարի առարկա:
Ըստ Հանի, Հունգարիային հավանաբար կհամոզեն, քանի որ բյուջեի վերանայումը գումար կհատկացնի (նա 15 միլիարդ եվրո է սահմանել) այլ ծախսերի համար, որոնց օգտին հանդես է եկել Օրբանը, ներառյալ սահմանների ամրապնդումը և և երրորդ երկրներին վճարումները՝ անօրինական միգրանտներին իրենց տարածքում պահելու համար։
Բացի այդ, չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը ապաշրջափակեց Հունգարիայի 10 միլիարդ եվրո կառուցվածքային հիմնադրամները, որոնք սառեցվել էին օրենքի գերակայության և արդարադատության անկախության եվրոպական չափանիշներից դրա շեղումների պատճառով: Բրյուսելը պնդում է, որ դա կապված չէ բյուջեի շուրջ վեճերի հետ, և որ Հունգարիան իսկապես շտկել է որոշ թերություններ (երեքշաբթի օրը Հունգարիայի խորհրդարանն ընդունեց օրենքներ, որոնք մեծացնում են դատարանների անկախությունը)։
Եթե այն դեռևս չի կարողանում համաձայնության գալ Օրբանի հետ, ապա Եվրահանձնաժողովը պահուստում ունի «պլան Բ»-ը, խոստովանել է Խանը` նշելով, որ նախընտրում է չխորանալ դրա մանրամասների մեջ: Reuters-ի թղթակիցը, այնուամենայնիվ, հարցրել է եվրահանձնակատարին, թե արդյոք հնարավոր է գումար հատկացնել Ուկրաինային ԵՄ 26 երկրների միջկառավարական համաձայնագրի միջոցով (բացառությամբ Հունգարիայի), իսկ Խանը պատասխանել է հետևյալ կերպ.
«Անշուշտ։ Սա հնարավորություններից մեկն է։ Բայց ես չեմ հավատում, որ Հունգարիան դուրս կմնա միջազգային, ոչ միայն եվրոպական, այլ միջազգային հանրությունից»։ ԵՄ-ի որոշումը, ասել է Խանը, կարող է ազդել նաև Միացյալ Նահանգների օրենսդիրների վրա: Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները ԵՄ-ի հետ սկսել են խոսել դեռ գարնանը՝ Ուկրաինային երկարաժամկետ բյուջետային աջակցության հարցում առաջատար դեր ստանձնելու մասին։





























