Այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը և ուսուցիչները սկսել են անսովոր հազալ, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց:
Մուսալեռի համայնքապետ Սիմա Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Իմ ունեցած տվյալներով պատճառը ինչ-որ նյութ է եղել, որի հոտից երեխաները թունավորվել են: Ես դպրոցում էի, եկել էին Վաղարշապատի եւ քննչականից, եւ քրեականի ղեկավար կազմից: Այնտեղ հարցաքննություններ էին գնում, տնօրենն էլ էր արյնտեղ:
Ես գնացի, դեռ ոչ մի բան պարզ չէր: Երեխաները սկսել են հազալ, այդպես է սկսվել: Եկել են ուսմասվարի մոտ, ասել են՝ հազում են բոլորը, մտածել են ձեւ են անում, որ փախչեն դասերից: Հետո տեսել են, որ շատանում է հազը, արդեն բուժարան են դիմել, բուժամբուլատորիան դիմացն է: Այդպես շտապօգնությունը երեխաներին տարել է Վաղարշապտի հիվանդանոց: Փոխտնօրենն էլ ասաց, որ մի տեսակ հոտ էր գալիս, որ իրենք էլ գլխացավ են ունեցել, ամբողջն օդափոխել են»,-ասաց նա:
Համայնքապետը բացառեց, որ դա կարող է գազից եղած լինել. «Այդտեղ գազ չկա, որ գազի արտահոսք եղած լինի: Գազի կաթսան շենքից հեռու է: Ինչ-որ նյութ է եղել: Քիմիայի լաբորատորիան էլ փակ է, այնտեղ նյութեր չկան:
Այս պահին երեխաները հիվանդանոցում են: Շուրջ 15 երեխա է թունավորվել»,- հավելեց համայնքապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Թե ինչն է եղել դպրոցում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը, պարզվում է:





























