Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Արևելքի բացահայտում. հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտական սեմինար: Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը, «Կոնֆուցիուսի ինստիտուտ»-ի տնօրեն Գոռ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պրն. Ֆան Յոնգը, ով ողջույնի խոսք ասաց ուսանողներին:
«Հայաստանն առաջին երկրներից է, որ արձագանքել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և մասնակցել Չինաստանի հետ համատեղ ծրագրերին։ Ինչպես օրերս հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար պարոն Քերոբյանը, Չինաստանի և Հայաստանի միջև առևտուրը վերջին մեկ տարում աճել է 30 տոկոսով՝ հասնելով 1,5 միլիարդ դոլարի։ Իսկ այս տարվա նոյեմբերին Շանհայում կայացած արտահանման միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված էր 23 ընկերություններով։ Նշենք, որ Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում հայկական կոնյակին, որի արտահանումը Չինաստան տարեցտարի ավելանում է։ Ավելացնեմ նաև, որ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Երևան-Պեկին ուղիղ չվերթի բացման շուրջ։ Հայաստանում Չինաստանի մասնակցությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը, իսկ չինարենի ուսումնասիրությունը հասնում է կարևոր մակարդակի, որն օգնում է հաղթահարել լեզվական պատնեշը և նպաստում է մշակութային փոխանակման, ինչը նույնպես կարևոր դեր է խաղում հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է դեսպանը։





























