Բանակցություններ սկսելով Թուրքիայի հետ, Հայաստանը պետք է ինչ-որ կոնսենսուսի գա եւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի համալսարանի հետխորհրդային երկրների հարցերով տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունները «ընդամենը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման փուլերից են»:

«Գոյություն ունի այդ գործընթացի ավելի բազմակողմ ասպեկտ, որում արձանագրությունները կարեւոր, բայց ոչ միակ դերն են խաղում,- կարծում է Վլասովը,- Խոսելով արձանագրությունների մասին, պետք է հիշել, որ դրանք վերաբերում են միայն երկու երկրներին, բայց ողջ համատեքստը, որ կապված է դրանց հետ, ամեն դեպքում հանգում է Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ առավել լայնորեն՝ Հարավային Կովկասի անվտանգությանը»:

Փորձագետի կարծիքով, որ մեջբերել է «Թրենդ» գործակալությունը, արտաքին ուժերը, այդ թվում եւ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, միտում են արձանագրել, թե հայ-թուրքական մերձեցումից հետո պետք է առաջընթաց գրանցվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ըստ Վլասովի՝ տեւական ժամանակ է, ինչ Թուրքիայի պաշտոնական դեմքերը հավաստիացնում են Ադրբեջանին, թե չեն անի նրա շահերին հակասող որեւէ քայլ: «Այժմ հասել է պահը, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը պետք է բերի առաջընթացի նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցում, կամ էլ թուրքական քաղաքական վերնախավը չի կատարում իր տված խոստումները»,- ասել է նա: