Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները կհարթվեն՝ պատմաբանների եւ գիտնականների հետազոտությունների շնորհիվ, իսկ երկու երկրների հարաբերությունները կզարգանան, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշենք, որ Էրդողանի խոսքերը վերաբերում են պատմական փաստերի եւ արխիվների ուսումնասիրման միջկառավարական ենթահանձնաժողովին, որը պետք է ստեղծվի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համատեքստում: Այն հետազոտելու է Օսմանյան կայսրությունում անցած դարասկզբին տեղի ունեցած դեպքերը, որ շատ գիտնականների եւ պատմաբանների կարծիքով, պետք է որակել որպես Հայոց ցեղասպանություն:
Թուրքիայի վարչապետը հիշեցրել է նաեւ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլահ Գյուլի հանդիպումը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում ազգային հավաքականների՝ Բուրսայում կայացած մրցավեճի ընթացքում, դա դիտարկելով որպես դրական դինամիկա:
Էրդողանը հիշատակել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը՝ հույս հայտնելով, որ այն կկարգավորվի երկխոսության միջոցով եւ հավելելով, թե «Թուրքիան Ադրբեջանի շահերը դիտարկում է որպես իր սեփականը»:
Թուրքիայի վարչապետը չի մոռացել նաեւ ահաբեկչության հետ կապված հարցերը՝ նկատելով, թե «Թուրքիան ընդհանուր ոչինչ չունի ահաբեկչության դրսեւորումների եւ անմեղ մարդկանց սպանությունների հետ: Մենք թույլ չենք տա ահաբեկչությանը գործել մեր երկրում եւ պետք է բացենք մեր պատմության նոր էջը, որը երկխոսության, ներդաշնակության եւ ինտեգրման նախադրյալն է՝ թշնամական զգացմունքների եւ ագրեսիվ դատողությունների փոխարեն»:
Էրդողանն ընդգծել է, թե երկրի կառավարության նախաձեռնած ժողովրդավարական քայլերը փաստացի ազգային միասնության բազմակողմ գործընթաց են:




























