Թեհրանում երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 4-ին ձերբակալել են France Presse լրատվական գործակալության թղթակից Ֆարհադ Փուլադիին, ով պատրաստվում էր լուսաբանել ամերիկյան դեսպանատան գրոհման երեսնամյակը տոնելուն նվիրված ցույցը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով AFP-ի ներկայացուցչի հայտարարության վրա։

Գործակալության Թեհրանի բյուրոյի ղեկավարի խոսքով, Փուլադին գտնվելիս է եղել ցույցի վայրում, երբ նրան են մոտեցել անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ եւ խնդրել են հետեւել իրենց։ Դրանից հետո լրագրողից ոչ մի տեղեկություն չի եղել։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դեպքի առնչությամբ բացատրություններ ստանալու համար France Presse-ը դիմել է Իրանի մշակույթի նախարարություն, որը համակարգում է արտասահմանցի լրագրողների աշխատանքը իսլամական հանրապետությունում, սակայն մինչ այժմ լրագրողի մասին ոչ մի տեղեկություն չի ստացել։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 4-ին, Իրանի մայրաքաղաքում ամերիկյան դեսպանատան գրոհման երեսնամյակին նվիրված զանգվածային միջոցառումներ են անցկացվել, որոնք ավելի ուշ վեր են ածվել զանգվածային անկարգությունների։ Ընդդիմության կողմնակիցները, առիթից օգտվելով, դուրս են եկել փողոց, որպեսզի հերթական անգամ իրենց բողոքն արտահայտեն իշխանությունների դեմ։ Նրանց ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ եւ ռետինե մահակներ են կիրառել, նաեւ կրակոցներ են լսվել։