2023 թվականի ընթացքում Երեւանում ապամոնտաժվել է 23 բենզալցակայան եւ 4 տաղավար, իսկ 2022-ին՝ 5 տաղավար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«2023-ին  հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 շրջիկ առեւտրի կետ կամ տրանսպորտային միջոց, իսկ նախորդ ժամանակահատվածում՝ 106 տրանսպորտային միջոց»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս լորտում շատ կարեւոր ձեռքբերումներ կան. «Մեր աչքին սովորական թվացող Երեւան քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ բենզալցակայանները, որոնք ոչ մի նորմատիվով իրավունք չունեին այդտեղ լինելու, նրանցից արդեն 23-ը ապամոնտաժվել է: Մեծ մասը, կարծում եմ՝ ապօրինի էին գործում, առանց որեւէ թույլտվության: Իրականում տարակուսելի է, թե ինչու նախկինում երբեւէ այս հարցին անդրադարձ չի կատարվել, որովհետեւ գրեթե բոլոր առումներով այստեղ եղել են բոլոր հնարավոր թույլտվությունների բացակայություն, եղել են փաստացի, իրական վտանգներ՝ բնակելի շենքերին շատ մոտ լինելու առումով: Կարծում եմ՝ այն աշխատանքը, որ կատարվել է այս տարի, իր ծավալով աննախադեպ է»,-ասաց Ավինյանը: