Իսրայելի դեսպանի Թուրքիայով շրջագայության երկրորդ օրը նույնպես ուղեկցվեց անախորժություններով: Ռիզեյի քաղաքապետի հետ մեկ օր առաջ տեղի ունեցած անախորժ հանդիպումից հետո` Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին Տրապիզոնում սպասվում էր ձվերով եւ քարերով հարձակում` մի խումբ ուսանողների կողմից:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները` Իսրայելի դեսպանը Սեւծովյան տեխնիկական համալսարանի ռեկտորատ այցի ժամանակ մոտ 20 ուսանողի կողմից ենթարկվել է ձվերով եւ քարերով հարձակման: Ուսանողները իրենց մոտ պահել են պաստառներ, որոնց վրա գրված էր «Երեխա կոտորող Իսրայելին չենք ցանկանում մեր համալսարանում տեսնել», «Երեխա կոտորողներ, դեպի դո՛ւրս» եւ այլն: Ուսանողները սկսել են իրենց հարձակումը` երբ Գաբի Լեւին իջել է միկրոավտուբուսից: Անվտանգության ուժերը հազիվ են կարողացել զսպել ցուցարար ուսանողներին: Ուսանողների եւ ոստիկանների միջեւ նույնիսկ ձեռնամարտ է սկսվել, իսկ մի քանի ուսանողներ ձերբակալվել են: Ցուցարար ուսանողներին հանդարտեցնելուց հետո Իսրայելի դեսպանը այցելել է Սեւծովյան տեխնիկական համալսարանի ռեկտորատ եւ հանդիպել ռեկտոր Իբրահիմ Օզելի հետ: Այս հանդիպումը անցել է փակ դռների ետեւում:
Ռեկտորատից հետո` Իսրայելի դեսպանը այցելել է Տրապիզոնի Առեւտրա-արդյունաբերական պալատ եւ հանդիպում ունեցել նախագահի տեղակալ Ջոշքուն Քահրամանի հետ: Այնուհետ նա պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: «Երկու տարի է աշխատում եմ Թուրքիայում, սակայն նման բողոքի առաջին անգամ Տրապիզոնում հանդիպեցի: Ես ժողովրդավարական մի երկիր եմ եկել եւ մարդիկ իրենց մտքերը հանգիստ պետք է արտահայտեն, սակայն հարձակումը եւ քարկոծումը անընդունելի է»,-ասել է Գաբի Լեւին: Լրագրողներից մեկը հարցրել է մեկ օր առաջ տեղի ունեցած Ռիզեյի քաղաքապետի հետ հանդիպման մասին: «Երեկ Ռիզեի քաղաքապետ, „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության անդամ Հալիլ Բաքըրջըն իր պահվածքով ինձ հիասթափեցրեց»,-պատասխանեց Իսրայելի դեսպանը:
Ի դեպ, մեկ օր առաջ Իսրայելի դեսպան Գաբի Լեւին` իր շրջագայության առաջին օրը հանդիպել էր Ռիզեյի քաղաքապետ Հալիլ Բաքըրջըի հետ: Հանդիպումը անցանկալի ընթացք էր ստացել իսրայելցի դեսպանի համար: Ռիզեյի քաղաքապետը սկսել էր մեղադրել Իսրայելին՝ զավթողական քաղաքականության եւ երեխաներ կոտորելու մեջ: Իսրայելի դեսպանը եւ ուղեկցող անձինք ապշած նման հայտարարություններից` անպատասխան էին թողել մեղադրանքները եւ հեռացել:
Այնուհետ Ռիզեյի քաղաքապետը հայտնել է, որ Իսրայելի դեսպանի հետ հանդիպման ժամանակ օգտագործած արտահայտությունները նախօրոք պլանավորված չեն եղել` այլ խոսակցության ընթացքից ելնելով է ամեն ինչ տեղի ունեցել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, նույն օրը երեկոյան Ռիզեի քաղաքապետին է զանգահարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ հետաքրքրվել Իսրայելի դեսպանի եւ քաղաքապետի միջեւ տեղի ունեցած հանդիպման մանրամասներով:
Իր հերթին թուրքական Zaman-ը տեղեկացնում է, որ Ռիզեյի քաղաքապետի եւ Իսրայելի դեսպանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը մեծ արձագանք է գտել սիրիական լրատվամիջոցներում: Սիրիական SANA պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Անկարայում Իսրայելի դեսպանը Ռիզեում մեծ վիրավորանքի արժանանալով` ստիպված է եղել հեռանալ այնտեղից: Այդ լրատվամիջոցը, մեջբերելով այս տարվա սկզբին Դավոսում տեղի ունեցած Էրդողան-Պերես միջադեպը` հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդավայրը նույնպես Ռիզեն է:




























