Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թուրք պաշտոնյան կարեւորել է հայ թուրքական սահմանի բացումը՝ առանց նախապայմանների:
Իգդիրի պաշտոնյա Յաշար Քըսան եւ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության մի քանի անդամներ Հայաստան կատարած եռօրյա այցից գոհ են վերադարձել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Կանալդհաբեր» կայքը: Արդարություն եւ զարգացում կուսակցության համաժողովի պատվիրակ Մահմուդ Շեքի հորեղբորորդի Իսմայիլ Շեքը երկար ժամանակ ապրում է Երեւանում: Նա Մահմուդ Շեքին եւ Արդարություն ու զարգացում կուսակցության մի խումբ անդամների հրավիրել է Հայաստան: Երեք օր նրանք Հայաստանում շրջել են, այցելել տեսարժան վայրեր: Թուրքական իշխող կուսակցության Հայաստան այցելած անդամները ասացին, որ իրենք ամեն տեղ նշել են իրենց թուրք լինելը եւ երբեւէ վատ իրավիճակում չեն հայտնվել: Մահմուդ Շեքը հաստատեց, որ իրենց շատ լավ են վերաբերվել: Նրանք այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Իգդիրցի պաշտոնյա Մահմուդ Շեքը նշելով, որ Հայաստանում իր հետ զրուցած բոլոր հայերը կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, ավելացրել է. «Հայաստանում վաճառվող ապրանքների զգալի մասը թուրքական են: Չնայած սրան, Իգդիրը, լինելով Հայաստանին ամենամոտ նահանգը, Հայաստանի հետ առեւտրում իր բաժինը չունի: Դրա համար անհրաժեշտ է րոպե առաջ բացել հայ-թուրքական սահմանը»:
Իհարկե Հայաստանին սահմանակից թուրքական շրջանների պաշտոնյաները կարեւորում են սահմանի բացումը, բայց որպես կանոն, դա համարում են երկրի ղեկավարության որոշելիք հարց, իսկ երբեմն էլառաջնահերթ են համարում ղարաբաղյան խնդրի լուծումը:



























