Հայաստանի ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, կաշառք վերցնելու մեջ հոկտեմբերի 18-ից մեղադրվող բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Ստորե ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Հայտնում եմ, որ լրատվամիջոցներում տարբեր կերպ շրջանառվող տեղեկությունները, թե, իբր, ինձ` Վաղինակ Հովհաննիսյանիս, «ձերբակալել են կաշառք վերցնելու պահին», չեն համապատասխանում իրականությանը: Իսկ «եւս մեկ կաշառակեր հայտնվեց ճաղերի ետեւում»-ի տիպի արտահայտությունները մամուլում նպատակ են հետապնդում արատավորելու իմ բարի անունն ու համբավը:

Մի կողմ թողնելով այն, որ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ շինծու է, նման հրապարակումները խախտում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածը:

Համոզված եմ` գործի քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, իսկ այս պահի դրությամբ, ինձ ընդամենը առաջադրվել է կաշառք վերցնելու մեղադրանք, ընդ որում, որեւէ կերպ չհիմնավորված»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին, կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:

ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնէլ էին, որ Հայաստանի զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել) ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:

Կատարվում է նախաքննություն: