Սարալանջի ճանապարհի կառուցման ձգձգումները կապված են նրա հետ, որ կոմունիկացիաների հետագծերն ամբողջությամբ փոխվում են, եւ դա է պատճառը, որ չենք հասցրել ավարտին հասցնել ճանապարհը, բայց ենթադրում եմ՝ արդեն գարնանը ճանապարհն ամբողջապես պատրաստ կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այսինքն հիմնային նոր աշխատանքներ են ի հայտ եկել, որոնք հայտնի չէին, քանի որ այդ կոմունիկացիաները առանց նախագծի ու տրամաբանության անցկացվել էին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նոր Նորքից Նորք Մարաշով դեպի Մյասնիկյանի պողոտա ճանապարհին, Ավինյանն ասաց. «Այդտեղ ունեցել ենք որոշակի թերություններ նախագծում: Այդ թերությունները վերացնելու համար նախագիծը վերանախագծվել է: Ունեինք խնդիրն եր գույքերի օտարման հետ կապված: Դրանք այս պահին կազմակերպվում են: Գույքերը պետք է օտարվեն, որպեսզի ճանապարհի համապատասխան լայնությունը կարողանանք ապահովել:

Կան գույքային միավորներ հենց էստակադայի տակ, ունենք հենց Նորք Մարաշի հատվածում տեղեր, որտեղ 6 մետր ճանապարհի լայնություն ապահովելու հնարավորությունը չկար: Հիմա ուզում ենք բոլոր խնդիրները ուսումնասիրել, հասկանալ, որ երկրորդ նգամ էլ չշտապենք որեւէ ժամկետ հայտարարել»: