Ադրբեջանը պատրաստվում է պատասխանել Հայաստանին ՄԱԿ-ում: Այս մասին Վաշինգտոնում ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: «Հայկական կողմը խաբում է միջազգային հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Մեր դիվանագետները ներկայումս աշխատում են մի զեկույցի վրա, որը պատասխան կլինի Հայաստանին: Այն կներկայացվի մոտակա ժամանակներս»,- ասել է Ազիմովը՝ այդպես էլ չկոնկրետացնելով, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, որին իրենք պատրաստվում են պատասխանել:
Խոսելով ԼՂ բանակցությունների մասին՝ Ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման՝ միայն իր սկզբունքային դիրքորոշումից ելնելով: «Իրավիճակը շատ բարդ է: Գոյություն չունի 100 տոկոսանոց միակողմանի լուծում: Գոյություն ունի միայն փոխզիջումային լուծում եւ Ադրբեջանն արդեն նշել է փոխզիջումների ցանկը, որին ինքը պատրաստ է գնալ»,- ընդգծել է Ազիմովը: Նա կրկնել է իրենց դիրքորոշումը, որ Ադրբեջանը պատրաստ է բարձր ինքնավարության կարգավիճակ տալ Ղարաբաղին եւ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահների կողմից ներկայացված 3 հիմնարար սկզբունքների հիման վրա խնդրի լուծման օգտին: Հիշեցնենք, որ այդ երեք սկզբունքներն են, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում:



























