Այսօր NEWS.am-ի թղթակիցը Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում փաստին, որ Հանրապետական պատգամավորներից մեկը` Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե ՄԻՊ-ն իր զեկույցներով քննադատելով Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, դրանով ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին: Հարցին ի պատասխան՝ Արմեն Հարությունյանն ասաց. «Եթե մենք կարողացանք Ղարաբաղի օմբուդսմենին եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի լիիրավ անդամ դարձնել, եթե ես կարողացա այդ մարմնի կառավարման խորհրդի անդամ դառնալ, թեեւ մենք 5 տարվա ինստիտուտ ենք, իսկ Ադրբեջանը 12 տարվա եւ եթե այս ամենի արդյունքում մենք կարողացել ենք այն հեղինակությունը վայելենք, որ ՀՀ-ում օմբուդսմենն այնուամենայնիվ հնարավորինս գործում է եւ այս ամենը նշանակում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել, ապա ես այդ ջուրը կշատացնեմ»:

Նրա խոսքով, եթե երկրում օմբուդսմենը կարողանում է ազատ անկաշկանդ մարդու իրավունքների խնդիրներից խոսել, ուրեմն այդ երկրում տոտալիտար համակարգ չէ, եւ հնարավորություն կա խոսելու: «Այն ես ինչ ասում եմ, դրա կեսն էլ իրեն չի կարող թույլ տալ Ադրբեջանի օմբուդսմենը: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Արդեն սա չափանիշ է եւ արտասահմանից նայում ու ասում են, որ ուրեմն Հայաստանում իրավիճակը ավելի բարվոք է, քան Ադրբեջանում: Որքանով է օմբուդսմենը կարողանում անկաշկանդ խոսել, դրանով եզրակացություն է արվում, թե ինչպիսին է իրավիճակը երկրում: Ես չգիտեմ, թե ինչու են որոշել, որ մենք Ադրբեջանի ջրաղացին ջուր ենք լցնում»,-ընդգծեց Ա. Հարությունյանը: