Այս հարցի քննությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սա սարքած գործ է: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Դատավոր Վահե Դոլմազյանը կոչ արեց դատարանում ելույթ ունենալիս խոսքն ուղղել դատարանին եւ հայացքն ուղղել ոչ թե դահլիճին, այլ դատարանին, ինչին Աշոտյանն արձագանքեց. «Ինձ կասե՞ք օրենքի այն հղումը, որով դուք պահանջում եք ինձ ակնդետ ձեզ վրա նայել: Ես դիմւմ եմ դատարանին, իսկ նիստի կարգով ահմանված չէ՞՝ ինչ անկյան տակ կարող եմ մեջքը թեքել կամ ուղիղ նստել: Դուք վոլյունտարիզմով մի զբաղվեք: Ո՞ր օրենքով ես պետք է ձեզ վրա նայեմ, երբ զրուցում եմ: Եթե չկա, իմ մոտ տպավորություն է, որ ձեր պահանջը ոչ միայն անառողջ է, այլեւ անօրինական»:
Երբ դատարանում ծիծաղի ձայներ լսվեցին, դատավորն ասաց. «Եթե որեւէ մեկի համար այս պրոցեսը ծիծաղաշարժ է, թող դուրս գա նիստերի դահլիճից:
«Հայացքիս պատճառով ուզո՞ւմ եք իմ նկատմամբ սանկցիա կիրառել: Հայացքի համար հանեք նիստերի դահլիճից, էլ ավելի խայտառակ եղեք այս գործով: Այս քննարկումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ քրեական գործը ոտքից գլուխ նախաքննության փուլում սարքած է։ Այնքան ջուր է այս գործը, այնքան բան չկա քննարկելու, որ քննարկում ենք, թե ես ինչ պարբերականությամբ ձեզ վրա հայացքներ նետեմ: Սա աբսուրդ է»,-ասաց Աշոտյանը:
«Վերջերս ռեպորտաժ տեսա, որ «մարդամեկը» գնում դպրոցի պատերից կախիչներ էր պոկում՝ ասելով, լավ սարքած չէ։ Եթե վատ շինարարության համար մարդ են գործից հանում, բա գործ սարքելու համար, այն էլ այսպես վատ սարքելու համար մարդ չեն ուզո՞ւմ հանել: Էս գործի ինչին կպնում եք՝ փլվում է: Ասում է՝ մարդկանց մատը փուշ է մտնում», ես գործով գերան է մտնում:
Ձեզ չեն հարգում, դուք ինձնից հարգանք եք պահանջո՞ւմ: Ձեզ չեն հարգում նախաքննական մարմինները, որ սենց գործ են սարքել, ուղարկել, ու դուք ստիպված փորձում եք իրենց հետևից սանիտարի գործ անել՝ մաքրել: Դա նույն է, ոնց որ խաշ կերած գնաս ատամնաբույժի մոտ, կամ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի, կամ էլ մի շաբաթ չլողանաս և գնաս սիրուհուդ մոտ, անհարգանքի նշան է։ Այս գործը խաշ կերած, չլողացած և թելով տռուսիկով գործ է և Ձեզ են այս գործը տվել»,-ասաց Աշոտյանը:
Գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանն էլ արձագանքեց․ «Թելով տռուսիկի մասին, եթե մյուս անգամ պատգամավոր լինեք, կխոսեք ԱԺ-ում»։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 39,6 մլն դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185 մլն դրամի հափշտակությունը:
Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվել է։





























