Միացյալ ազգերի կազմակերպությունը այսօր՝ նոյեմբերի 5-ին հայտարարել է Աֆղանստանից իր 600 այն աշխատակիցներին հանելու մասին, որոնք այդ երկրի քաղաքացի չեն: Դա կազմում է Աֆղանստանում ՄԱԿ-ի անձնակազմի մոտ 12 տոկոսը:

Ընդ որում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե կազմակերպության որոշումը թելադրված չէ նրա վրա գործադրված ճնշմամբ, եւ աշխատակիցների մի մասի հեռացումը էվակուացիա չէ, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատակիցների հեռացումը կտեւի 3-ից 4 շաբաթ եւ որեւէ կերպ չի ազդի մարդասիրական օգնության առաքման ծառայության վրա, որն իրականացնում են Աֆղանստանի քաղաքացիները՝ իրենց համայնքներում:

Կազմակերպության տարածքային կառույցի ներկայացուցիչ Ալիմ Սիդիկի խոսքերով, ՄԱԿ-ի աշխատակիցների մի մասը կտեղափոխվի ավելի հանգիստ սահմանամերձ քաղաքներ, մինչդեռ մյուսները կլքեն երկիրն անորոշ ժամկետով, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության հնարավոր դադարեցման մասին լուրը տարածվել էր հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի՝ Քաբուլի հյուրանոցներից մեկում կայացած խոշոր ահաբեկչությունից հետո, սակայն լուրը հերքվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից:

Ընդհանուր առմամբ, այդ երկրում աշխատում են ՄԱԿ-ի 1300 օտարերկրացի մասնագետներ: