Լեհաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ իր զորքերը տեղակայել երկրի տարածքում, որպեսզի պաշտպանվի ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ Վաշինգտոնում «Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրության կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ"

«Մեր ցանկությունն է թույլտվություն ստանալ, մեր երկրում տեղակայելու ամերիկյան զորքեր, որոնք կծառայեն իբրեւ վահան՝ ռուսական ագրեսիայից», — մեջբերում է Սիկորսկիի խոսքերը «Интерфакс»-ը։

Միեւնույն ժամանակ, Լեհաստանի արտաքին քաղաքականության ղեկավարը հիշեցրել է, որ երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելիս Ռուսաստանը ստացավ երաշխիք, որ Միությունը Արեւելյան Եվրոպայում չի տեղակայի զինված ուժեր. «Բայց այն ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ընդհանրապես զորքեր չեն ուղարկվի։ Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է անել»։

Ռուսաստանը եւ Բելառուսը, նրա խոսքով, վերջերս լեհական սահմանից ոչ հեռու անցկացրել են համատեղ «Արեւմուտք-2009» զորավարժություններ, որին մասնակցել են հարյուրավոր տանկեր։ ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, արտգործնախարարն ասել է, թե ներկայումս Լեհաստանում գտնվում են ընդամենը 6 ամերիկացի զինվորականներ։