«Որակյալ պետական կառավարում եւ ընդհանրապես` որակյալ հանրային ծառայություն կամ քաղաքացիական ծառայություն մենք երբեւէ չենք ունենալու, եթե մենք չունենանք որակյալ ծառայողներ»,- այս մասին նոյեմբերի 5-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ հավելել. «Ինչպե՞ս կարող է խոսք լինել որակյալ պետական ծառայության կամ քաղաքացիական ծառայության մասին, եթե մենք պետական կամ քաղաքացիական ծառայողների մասնագիտական որակների, գիտելիքների, հմտության, աշխատանքային ունակությունների ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկենք»:

Նրա խոսքով` ներկայիս շատ գործընթացներ կախված են քաղաքացիական համակարգից: «Նախարարը պետք է հարգի իր պաշտոնը նրան չպետք է հետաքրքրի, թե ով է կրտսեր մասնագետը: Նախարարին չի սազում հաշիվ անելը ու ավել առնելը»,- նշել է խորհրդի նախագահը:

«Այսօր ամենաորակյալ կադրերը չեն, որ զբաղեցնում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը, եւ հիմա անհրաժեշտություն կա ընտրելու այնպիսի մասնագետների, ովքեր չեն կարեւորի, թե ով է իրենց ղեկավարը, եւ ով է նախագահը: Նրանց համար պետք է կարեւորվի միմիայն քաղաքացիական մտածողությունը»,- պարզաբանեց քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը՝ շարունակելով. «Մենք 8000 քաղաքացիական ծառայողների համար պետք է ստեղծենք որակյալ չափանիշներ եւ ընտրենք լավագույններին, որոնք կարող են լավ կատարել իրենց առաջ դրված խնդիրները: Դրա համար անցկացվում են մրցույթներ, որտեղ կարող է մասնակցել մինչեւ 50 մարդ: Մինչեւ հիմա անցկացվել է 812 մրցույթ»:

Ինչ վերաբերում է որոշ մարմիններում նախարարների կողմից անձնակազմի փոփոխությանը, ապա ղեկավարը հավաստիացրեց, որ միայն կոռուպցիա պարունակող մարմիններում է գործում այն համակարգը, որ երբ նախարարը գալիս է՝ փոփոխվում է ամբողջ անձնակազմը: Սակայն նա նշեց նաեւ, որ փոփոխությունները պայմանավորված են լինում նաեւ թափուր պաշտոնների համալրման հետ:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանում սկսել է գործել 2001-2002 թթ