ՆԱՏՕ-ն պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես եւ` ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը: Այդ մասին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ նոյեմբերի 5-ին կայացած հանդիպմանը հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով 2009թ. նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի համաձայն` բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում:




























