«Հայաստանի Հանրապետությունում 8 պետական եւ 4 ոչ պետական մանկատներ են գործում. դրանցից առաջիններում մոտ 950, իսկ ոչ պետականներում շուրջ 250 երեխա է ապրում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանը։

Պատասխանելով հարցին, թե մանկատներն արդյո՞ք գոյատեւում են բացառապես պետբյուջեից արված հատկացումների հաշվին՝ նա նշեց, որ պետական աջակցությունից զատ՝ մանկատները հաճախ հովանավորվում են նաեւ առանձին կազմակերպությունների եւ անհատ բարերարների կողմից։ «Ամեն դեպքում, պետությունը յուրաքանչյուր երեխայի կարիքները հոգալու համար օրական կտրվածքով մոտ 1500 դրամ է հատկացնում»,- հստակեցրեց Ա. Թանաշյանը։

Հարցին, թե 18 տարին լրանալուց հետո (իսկ երեխաները մանկատներում ապրելու իրավունք ունեն մինչեւ չափահասության տարիքին հասնելը) ի՞նչ կերպ է դասավորվում նրանց հետագա ճակատագիրը եւ ինչպե՞ս են հոգում նրանք իրենց կեցության պայմանները մանկատան պատերից դուրս, ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ պետության կողմից մշակված հատուկ ծրագրով՝ չափահասության տարիքին հասած մանկատան սաներին աջակցություն է ցուցաբերվում ոչ միայն մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքի տեղավորման, այլ նաեւ բնակարաններ տրամադրելու հարցում։