«Մինչեւ այսօր պետությունը մտածել է, որ Սփյուռքը կօժանդակի արտերկրում մեր դեսպանատների աշխատանքին, բայց դա աղքատի հոգեբանություն է»,- այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԳՆ-ին վերաբերող հատվածը քննարկելու ընթացքում, դիմելով ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու հարցով դիմեց նրան. «Արդյոք ժամանակը չէ, որ նորմալ ֆինանսավորում տրվի դեսպանատներին, ու այդ հոգեբանությունից դուրս գանք»:
Այս հարցին ի պատասխան Պ. Սաֆարյանն ասաց. «Այն տեսակետից, թե ինչ կարելի էր անել, իհարկե, այդ հատկացվող գումարը քիչ է, բայց դա է այսօրվա հնարավորությունները»: Սրան անմիջապես արձագանքեց Վ. Բոստանջյանը՝ նկատելով, որ եթե դեսպանատների պահպանման ծախսերին հատկացվել է ընդամենը 4,6 միլիարդ դրամ, ապա հասարակական կարգի պահպանմանը հատկացվում է 56 միլիարդ դրամ, եւ այդ ոլորտում գրեթե կրճատում չի եղել: «Այսինքն արդյո՞ք մենք այնքան անկարգ ենք, որ հասարակական կարգի պահպանմանը այդքան գումար ենք տալիս, իսկ դիվանագետներին ընդամենը 4,6 միլիարդ դրամ»,- ասաց նա: Իսկ ֆինանսների փոխնախարարն էլ պատասխանեց, որ իր կարծիքով ընտրված է օպտիմալ հարաբերակցությունը՝ ընդգծելով, որ եկող տարվա բյուջեի նախագծով ոստիկանությանը հատկացված գումարները եւս բավարար չեն:




























